«Մի դրամի ուժը» Իդրամ ընկերության ԿՍՊ ծրագիրն է, որին միացել է նաև IDBank-ը։ Ծրագիրն ուղղված է աջակցելու Հայաստանում կենսական և ռազմավարական կարևորություն ունեցող մի շարք ոլորտների զարգացմանը՝ առողջապահություն, կրթություն, կանաչ տնտեսություն, միջավայրի պահպանություն, սոցիալական պատասխանատվություն և հանրային անվտանգություն։
2020թ. հունիսի 5-ից սկսած Իդրամ հավելվածով, կայքով և տերմինալների միջոցով, իսկ այնուհետև նաև idbanking.am առցանց հարթակի և IDBank-ի տերմինալների միջոցով հաճախորդների կողմից կատարված բոլոր տեսակի վճարումներից «Մի դրամի ուժը» ծրագրին կտրամադրվի 1 ՀՀ դրամ։ Այսպիսով, ցանկացած անձ, ով նշված տարբերակներով կկատարի վճարում, անմիջապես կդառնա «Մի դրամի ուժը» ծրագրի բարի կամքի դեսպանը՝ առանց մի դրամ ավել ծախսելու։
Առաջիկայում կհայտարարվի ծրագրի այս տարվա բոլոր շահառու կառույցների և նախագծերի շարքը։
Ինչու՞ մի դրամի ուժը
Ծրագրի նպատակն է հանրությանը ներկայացնել, թե որքան հեշտ կարելի է դիմակայել մարտահրավերներին և լուծել մեր առջև ծառացած խնդիրները, երբ բոլորը համախմբված են նույն նպատակի շուրջ։ Այստեղ մի դրամի դերը սիմվոլիկ է և ցույց է տալիս, թե որքան մեծ կարող է լինել վերջինիս ուժը, երբ մենք միավորվում ենք և մեր «մի դրամներն» ուղղում մեր երկիրը և շրջակա միջավայրն ավելի բարեկարգ ու զարգացած դարձնելու նպատակին։