կանոններ

«Իդրամ» ՍՊԸ-ի կողմից կազմակերպվող գովազդային վիճակախաղի կանոններ

1. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1.1. Սույն կանոնների մեջ օգտագործվող հիմնական հասկացությունները.

1.1.1. Ընկերություն - «Իդրամ» ՍՊԸ.

1.1.2. Բջջային հավելված - Իդրամ բջջային հավելված, որը հնարավորություն է ընձեռնում Օգտատերերին օգտվելու Ընկերության կողմից մատուցվող վճարահաշվարկային ծառայություններից.

1.1.3. Օգտատեր - Ընկերության կողմից մատուցվող վճարահաշվարկային ծառայություններից օգտվող ֆիզիկական անձ.

1.1.4. Մասնակից - Ընկերության կողմից կազմակերպվող գովազդային վիճակախաղի մասնակցության պայմաններին համապատասխանող Օգտատեր.

1.1.5. Կտրոն-Ընկերության կողմից կազմակերպվող գովազդային վիճակախաղի Օգտատիրոջ մասնակցելու իրավունքը հաստատող փաստաթուղթ.

1.1.6. Էլեկտրոնային կտրոն - Օգտատիրոջ Իդրամ դրամապանակում (Բջջային հավելվածում) Ընկերության կողմից գեներացվող Կտրոն, որով նույնականացվում է Մասնակիցը.

1.1.7. Գործընկեր- Ընկերության հետ վճարահաշվարկային ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած անձ, որի ուժով Ընկերությունը իրականացնում է դրամական միջոցների հավաքագրում՝ Օգտատիրոջ կարգադրության հիման վրա և ի շահ Գործընկերոջ.

1.1.8. Տպագիր կտրոն- Էլեկտրոնային կտրոնի տպագիր տարբերակը.

1.1.9. Կանոններ- Ընկերության կողմից կազմակերպվող գովազդային վիճակախաղի կանոններ։

2. ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԵՎ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՖՈՆԴ

2.1. Ընկերությունը իր մարքետինգային ռազմավարության շրջանակներում կազմակերպում է գովազդային վիճակախաղ (այուհետ՝ Վիճակախաղ)։ Վիճակախաղը տեղի է ունենալու 10.03.2020 թ.-ին, ժամը 19։00-ին «Երևան Մոլ»-ի (հասցեն՝ ք. Երևան, Արշակունյաց պողոտա 34/3) 1-ին հարկում գտնվող գլխավոր ատրիումում։

2.2. Վիճակախաղի ընթացքում խաղարկվելու են մեկ ավտոմեքենա Renault Arkana (LIVE համալրմամբ 2019թ.) մակնիշի, մեկ iPhone 11 Pro սմարթֆոն, մեկ iPad (WiFi + Cellular 32 GB), մեկ iWatch (S5/40mm), մեկ Airpods pro (այսուհետ՝ Շահում(ներ))։

3. ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ

3.1. Մասնակիցը տալիս է իր անհետկանչելի համաձայնությունը Կանոններին։

3.2. Կանոնները կրում են հրապարակային բնույթ և Վիճակախաղի ողջ ընթացքում հասանելի են Մասնակցի համար Բջջային հավելվածում և Ընկերությանը պատկանող՝ idram.am/TouchYourDream կայքում:

3.3. Ընկերությունը իրավունք ունի կատարել փոփոխություն Կանոններում, ընդ որում Կանոններում ցանկացած փոփոխություն ավտոմատ հասանելի է դառնում Մասնակցի համար Բջջային հավելվածում և Ընկերությանը պատկանող՝ idram.am/TouchYourDream կայքում։

3.4. Կանոնների փոփոխությունները համարվում են համաձայնեցված Մասնակցի հետ, եթե վերջինս չի դադարեցնում Վիճակախաղի իր մասնակցությունը։

3.5. Մասնակիցը տալիս է Ընկերությանը Վիճակախաղի շրջանակներում իր անձնական տվյալների հավաքագրման, օգտագործման և մշակման իր անհետկանչելի համաձայնությունը։

4. ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

4.1. Վիճակախաղի Մասնակից դառնալու համար Օգտատերը պարտավոր է միաժամանակ համապատասխանել ստորև նշված բոլոր չափորոշիչներին.

4.1.1. Բջջային հավելվածի միջոցով 25.12.2019թ.-ից մինչև 08.03.2020 թ.-ը ժամը 23։59-ն ներառյալ կատարել հետևյալ գործողություններից առնվազն մեկը.

4.1.1.1. կատարել NFC կամ QR տեխնոլոգիաներով միանվագ 3,000 (երեք հազար) ՀՀ դրամ և ավել վճարում Գործընկերների սրճարաններում կամ վաճառքի կետերում, որը չի չեղարկվի մինչև Վիճակախաղի ավարտը.

4.1.1.2. կատարել Բջջային հավելվածում առկա այլ ծառայությունների գծով միանվագ 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամ և ավել վճարում, որը չի չեղարկվի մինչև Վիճակախաղի ավարտը.

4.1.2. լինել 18 (տասնութ) տարին լրացած Օգտատեր.

4.1.3. Ընկերության վճարահաշվարկային համակարգում ունենալ «Պրեմիում պլյուս» կարգավիճակ։

4.2. Վիճակախաղի Մասնակից չեն կարող հանդիսանալ.

4.2.1. Ընկերության և «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի աշխատողները և նրանց մերձավոր ազգականներ` ծնողները, զավակները, որդեգրողները, որդեգրվածները, հարազատ և ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրները և քույրերը, պապը, տատը, թոռները, ինչպես նաև ամուսինը.

4.2.2. «Պրեմիում պլյուս» կարգավիճակ չունեցող Օգտատերը.

4.2.3. այն Օգտատերը, ում հաշվառման հաշիվը, Վիճակախաղի պահին ունի սառեցված (banned), Լուծված (terminated), Օգտատիրոջ կողմից լուծված (terminated by user) կամ Հեռացված (deleted) կարգավիճակներից որևէ մեկը.

4.2.4. 18 (տասնութ) տարին չլրացած Օգտատերը։

4.3. Օգտատիրոջ Իդրամ դրամապանակում լրացված անձնական տվյալները պետք է համապատասխանեն նրա անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթում նշված տվյալների հետ, հակառակ դեպքում նա հնարավորություն չի ունենա դառնալ Մասնակից։

4.4. Էլեկտրոնային կտրոնը հայտնվում է Օգտատիրոջ Բջջային հավելվածի համապատասխան բաժնում սույն կանոնների 4.1.1 կետում նշված գործողությունները կատարելուց անմիջապես հետ։

4.5. Կանոնների 4․1․1․1 կետի համաձայն 3 000 (երեք հազար) ՀՀ դրամը գերազանցող միանվագ վճարում կատարելու դեպքում, անկախ գումարի չափից, տրամադրվում է միայն մեկ Էլեկտրոնային կտրոն։

4.6. Կանոնների 4․1․1․2 կետի համաձայն 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամը գերազանցող միանվագ վճարում կատարելու դեպքում, անկախ գումարի չափից, տրամադրվում է միայն մեկ Էլեկտրոնային կտրոն։

4.7. Իդրամ դրամապանակից փոխանցումներ կատարելիս (Բանկային հաշվի, Բանկային քարտի, այլ Իդրամ հաշվի, դեպի էլ դրամապանակներ, փոխանցում իմ Ռոքետ քարտին, փոխանցում իմ հաշիվների միջև կանխիկացում) Կտրոն չի տրամադրվում՝ անկախ գումարի չափից։

4.8. Խմբային վճարումները միանվագ վճարում չեն համարվում, այլ համարվում են առանձին վճարումներ խմբում առկա յուրաքանչյուր ծառայության գծով։

4.9. Կտրոնները ակտիվացնելու համար մինչև 09.03.2020թ.-ը ժամը 21։30-ն ներառյալ Մասնակիցը պարտավոր է մոտենալ «Երևան Մոլ»-ի (հասցեն՝ ք. Երևան, Արշակունյաց պողոտա 34/3) գլխավոր ատրիումում տեղակայված Վիճակախաղի համար ստեղծված Ընկերության տաղավար և Ընկերության տերմինալի միջոցով կատարել հետևյալ գործողությունները. տերմինալի գլխավոր էկրանի վրա սեղմել «Տպել խաղարկության կտրոնները» կոճակը, այնուհետև բացված պատուհանում Իդրամ հավելվածի միջոցով սկանավորել տերմինալի էկրանի պատկերված արագ արձագանքման (QR) կոդը, որից հետո տերմինալ էկրանին կհայտնվեն օգտատիրոջ խաղարկությանը մասնակցելու ենթակա կտրոնները։ Այնուհետև սեղմել «Տպել» կոճակը, և տպագրված կտրոննեը Ընկերության աշխատակցի ուղեկցությամբ գցել խաղարկության թմբուկի մեջ, նախապես համեմատելով Էլեկտրոնային և Տպագիր կտրոնները և համոզվելով, որ առկա տվյալները համապատասխանում են միմյանց։

4.10. Խաղարկության կտրոնը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը՝ մասնակցի անուն ազգանունը, Իդրամ ID, համապատասխան գործարքի հերթական համարը։

4.11. Էլեկտրոնային կտրոնը կարելի է տպագրել միայն մեկ անգամ: Կտրոնը տպագրելուց հետո այն կարտացոլվի "Տպագրված" բաժնում։

5. ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԸՆԹԱՑՔԸ

5.1. Մասնակիցը պարտավոր է ներկայանալ Վիճակախաղին՝ ինտերնետին միացում ունեցող սմարթֆոնով, որի մեջ ներբեռնած է Բջջային հավելվածը՝ Մասնակցի անձնական էջով, և անձը հաստատող փաստաթղթով։

5.2. Վիճակախաղի ընթացքում Մասնակցի ներկայությունը պարտադիր է, հակառակ դեպքում նա զրկվում է Շահում ստանալու իրավունքից։ Մասնակիցը իրավունք չունի լիազորված ներկայացուցչի միջոցով մասնակցի Վիճակախաղին։

5.3. Վիճակախաղի ընթացքում Շահումները խաղարկվում են հետևյալ հաջորդականությամբ. սկզբից մեկ Airpods 2, մեկ մեկ iWatch, մեկ iPad, մեկ iPhone 11 Pro սմարթֆոն, այնուհետ՝ Renault Arkana մակնիշի ավտոմեքենա։

5.4. Շահող Մասնակիցներին որոշելու համար Վիճակախաղի ընթացքում Ընկերության հանդիսավարը հանում է խաղարկության թմբուկից յուրաքանչյուր Շահումի շահողին որոշելու համար մեկական Տպագիր կտրոն, հայտարարում է այդ Կտրոնի թվերը և Մասնակցի անունը և ազգանունը։

5.5. Ընկերության հանդիսավարի կողմից թմբուկից հանած Կտրոնի թվերը և Մասնակցի անունը և ազգանունը հայտարարելուց հետո կատարվում է 5 (հինգ) րոպե հետհաշվարկ, որից հետո Մասնակցի բացակայության պարագայում տվյալ Կտրոնը կհամարվի անվավեր։

5.6. Շահող Մասնակցին նույնականացնելուց հետո նրան տրամադրվում է Շահումը կամ Շահումի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող ապացույց։

5.7. Եթե խաղարկության թմբուկից հանած Տպագիր կտրոնը անվավեր է կամ շահող Մասնակիցը անձամբ ներկա չէ կամ չունի իր մոտ անձը հաստատող փաստաթուղթ, ապա նրան Շահում չի տրամադրվում և այդ Շահումը կրկին խաղարկվում է Կանոնների 5.4, 5.5 և 5.6 կետերի համապատասխան։

5.8. Ընկերության հանդիսավարը անցնում է հաջորդ Շահումի խաղարկությանը միայն նախորդ Շահումը կամ Շահումի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող ապացույցը շահող Մասնակցին տրամադրելուց հետո։

5.9. Յուրաքանչյուր Մասնակից անկախ նրա Կտրոնների քանակից կարող է շահել մեկ Շահումից ոչ ավել։

5.10. Շահող Մասնակցի կողմից Շահումները ենթական չեն փոփոխության կամ Ընկերության կողմից համարժեք դրամական միջոցների հետ փոխանակման։

5.11. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում շահումների հայտնաբերված որակական թերությունների և խնդիրների համար, եթե դրանք անզեն աչքով տեսանելի չեն, կամ Ընկերության կողմից նախապես անհնար է եղել պարզել, նկատել, ստուգել, կամ ճշտել այն։

5.12. Ընկերության կողմից գովազդի շրջանակներում ցուցադրված Շահումների արտաքին տեսքը կարող է տարբերվել Կանոնների 2.2 կետում նշված Շահումների արտաքին տեսքից:

5.13. Վիճակախաղի ժամանակ խաղարկվող բոլոր Շահումների համար շահող Մասնակիցների կողմից պետությանը վճարման ենթակա բոլոր անհրաժեշտ հարկերը վճարվում է Ընկերության կողմից։